Մշակութային միջոցառումները շարունակվում են, ավելանում են նորերը։ Նպատակը՝ թիկունքն ամուր պահելն ու ռազմաճակատին հնարավորինս աջակցելն է։ Աշխարհագրությունը, ինչպես միշտ, չի սահմանափակվում Հայաստանով։
SYSTEM OF A DOWN-Ի ՆՈՐ ԵՐԳԵՐԸ՝ ՀԱՆՈՒՆ ԱՐՑԱԽԻ
Այս օրերի ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը աշխարհահռչակ System of a Down խմբի նոր երգերի թողարկումն էր։ Սա խմբի համատեղ աշխատանքն է 15 տարվա դադարից հետո։ System of a Down ռոք խմբի վոկալիստ, «Գրեմիի» մրցանակակիր Սերժ Թանկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ սա աննախադեպ առիթ էր SOAD-ի համար, որ ամեն ինչ մի կողմ դնեն ու ելույթ ունենան հայ ազգի համար՝ որպես մեկ մարդ՝ չորս հայ տղաներով. «Դա անելու ժամանակը հիմա է, քանի որ մենք չորսով չափազանց կարևոր բան ունենք ասելու՝ որպես միասնական ձայն: Այս երկու երգերը՝ Protect The Land և Genocidal Humanoidz, երկուսն էլ խոսում են սարսափելի և լուրջ պատերազմի մասին, որը իրականացվում է Արցախի և Հայաստանի` մեր մշակութային հայրենիքների դեմ։ ...Մենք այստեղ ենք, որ պաշտպանենք մեր հողը, մեր մշակույթն ու մեր ազգը։ Հիմա աչքերը փակելու ժամանակը չէ»։ Protect The Land-ը և Genocidal Humanoidz-ն գնելու համար հասանելի են System of a Down խմբի պաշտոնական էջում, եկամուտներն ուղղվելու են «Հայաստան» համահայկական հիմնադրամին, օգտագործվելու են պատերազմից տուժածներին խիստ անհրաժեշտ իրեր հատկացնելու համար։ Թանկյանը կոչ է անում այդ երգերի ներբեռնումը դիտարկել որպես բարեգործական ակտ։
ՓԵԼԵՇՅԱՆԻ «ԲՆՈՒԹՅՈՒՆՆ» ՈՒ ՆՎԻՐՈՒՄԸ
Կինոռեժիսոր, համաշխարհային կինեմատոգրաֆիայի դասական Արտավազդ Փելեշյանն իր «Բնություն» ֆիլմի 15000 եվրո հոնորարը փոխանցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամին: Փելեշյանի կինոարվեստին նվիրված «Բնություն» անհատական ցուցահանդեսը բացվել է հոկտեմբերին։ Փելեշյանը չի մասնակցել առաջնախաղին՝ հասկանալի պատճառներով` հայրենիքում պատերազմ է։ Փարիզի «Կարտիե» ժամանակակից արվեստի կենտրոնում այն պետք է շարունակվեր 3-4 ամիս, սակայն, Ֆրանսիայի կառավարության որոշմամբ, մինչև դեկտեմբերի 1-ը երկրում փակվել են մշակութային կենտրոններն ու ժամանցի վայրերը։ Փելեշյանական ցուցահանդեսը հետաձգվել է։
«Բնություն» ֆիլմը նկարահանվել է Ֆրանսիայի «Fondation Cartier» հիմնադրամի և Գերմանիայի «ZKM» ֆիլմարտադրող ընկերության հետ համատեղ։ Այն պետք է ցուցադրվեր նաև Գերմանիայում, Մոսկվայում, Միլանում:
ԹԱՏՐՈՆՆ ՈՒ ԿԱՄԱՎՈՐՆԵՐԸ
Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանները առաջնագիծ մեկնող լոռեցի կամավորականների համար խաղացին հատված «Հրադադար» ներկայացումից։ Բեմադրիչ՝ Ռազմիկ Խոսրոև, պիեսի հեղինակ՝ Սամվել Խալաթյան։
ԿԻՆՈԴԻՏՈՒՄՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
«Ոսկե ծիրան» միջազգային 17-րդ կինոփառատոնի «Նվիրում Արցախին» նախագծի շրջանակում Կինոյի տանը նոյեմբերի 1-8-ին ցուցադրվեցին Նորա Մարտիրոսյանի «Երբ որ քամին հանդարտվի», Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը», Գարեգին Պապոյանի «Բարի թռիչք», Սիլվա Խնկանոսյանի «Վախենալու ոչինչ չկա», Մարատ Սարգսյանի «Ջրհեղեղ չի լինելու» և Հակոբ Մելքոնյանի «Բլոկադա» ֆիլմերը: Ցուցադրությունները բացառապես տոմսերով էին, գոյացած ողջ հասույթը փոխանցվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» համազգային դրամահավաքին։ Նույն նպատակով ծրագրի շրջանակում անցկացվեց նաև Հայաստանի, Արցախի և Սփյուռքի տաղանդավոր արվեստագետների հեղինակած պատերազմի ու խաղաղության թեմայով ազդագրերի ցուցահանդես-վաճառք։
Փառատոնի կազմակերպիչները տեղեկացնում են, որ «Նվիրում Արցախին» նախագծից հետո, հաջորդ շաբաթների ընթացքում, մինչև նոյեմբերի 30-ը, «Ոսկե Ծիրանը» կիրականացնի տարաբնույթ այլ նախագծեր, մասնավորապես` «Կինոպարկ» և «Սինեմա Սթար» կինոթատրոններում։ «Կինոպարկի» տոմսերի վաճառքից գոյացած հասույթը կփոխանցվի «Հայաստան» համահայկական հիմնադրամին։
«ԷԴԻԹ ՊՐԻՆՏԻ» ՀԵՐԹԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ
«Էդիթ Պրինտ» հրատարակչությունը հանդես է գալիս հերթական բարեգործական նախաձեռնությամբ և հայտարարում անվճար առաքում գրքերի ամբողջ տեսականու համար։ Հասույթի 30 տոկոսն ուղղվելու է «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին՝ ի աջակցություն մեր երկու հայրենիքների սահմանները պաշտպանելիս զոհված կամ հաշմանդամություն ստացած զինծառայողների, նրանց ընտանիքների։ Առաքումն իրականացվում է փոստով ու անվճար՝ 2000 դրամ և ավելի արժողությամբ պատվերի դեպքում։
ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆԸ` ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ
Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանը անմիջապես արձագանքել է ՀՀ բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հայտարարած ծրագրին, որի շրջանակներում գիտական հաստատությունները կարող են մասնակցել պաշտպանական խնդիրներին առնչվող աշխատանքներին։ Ներկայացվել է մի քանի առաջարկ, և ձևավորվել է երիտասարդ գիտաշխատողների խումբ։
Բյուրականի աստղադիտարանը պատերազմի առաջին իսկ օրերից իր հյուրատանն է հյուրընկալել Արցախից տարհանված մեր հայրենակիցներին՝ նրանց համար ստեղծելով հարմարավետության բոլոր պայմանները, ապահովելով մշակութային ու ժամանցային զբաղվածությունը։ Միանալով համահայկական շարժմանը (Global Armenian movement) և կոչ անելով միջազգային գիտական հանրությանը միանալու դրան՝ ԲԱ-ն «Հայաստան» համահայկական հիմնադրամին է փոխանցել 3 մլն ՀՀ դրամ։
Աստղադիտարանի ավտոբուսները բազմաթիվ ուղերթեր են իրականացրել դեպի Արցախ և Արցախ-Երևան ուղղություններով։ Ներկայումս ավտոբուսներից մեկը գտնվում է պաշտպանության բանակի տրամադրության տակ։
ԲԱ-ն մասնակցում է հանրային տարբեր նախաձեռնությունների, համագործակցում է տարբեր կառույցների հետ և բաց է առաջարկների ու նոր համագործակցությունների համար։
ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Նոյեմբերի 15-ին «Arts for Artsakh» խորագրով միջոցառման ընթացքում ելույթ կունենան «Հովեր» պետական կամերային երգչախումբը և Հայաստանի պետական կամերային նվագախմբի օկտետը՝ ջութակահար Աստղիկ Վարդանյանի գլխավորությամբ:
Միջոցառումից ստացված ողջ հասույթն ուղղվելու է «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները» նախաձեռնությանը:
Մեծ ու փոքր կազմակերպությունները, անհատները Հայաստանից և Սփյուռքից փորձում են ամուր պահել թիկունքը, միաժամանակ աջակցել ռազմաճակատին։
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ